Որոշվել է այս տարի համախմբել 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին:
Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա ևս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձևավորվելիք խումբը կկրի «Genealogy» անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն:
«Genealogy» խմբի առաջին մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 16-ին: Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):
Գրեթե բոլոր թուրքական ԶԼՄ-ներն անդրադարձել են Հայաստանի սպասվելիք ելույթին «Եվրատեսիլ-2015»-ում` գրում է «Նոյան տապան» թերթը:
«Hurriyet»-ը գրել է, որ Հայաստանը Եվրատեսիլում կներկայացնեն 1915-ից հետո աշխարհով մեկ սփռված հայերի սերունդները: «Բեմում մեկական ներկայացուցիչ կլինի յուրաքանչյուր մայրցամաքից և նրանք կերգեն «Մի ժխտիր» երգը»,-գրում է թերթը:
«Haberler»-ն իր հերթին հայտնում է, որ վեց հայերի ելույթի խորհրդանիշը լինելու է անմոռումը՝ խորհրդանշելով աշխարհի տարբեր երկրներում սփռված հայերին:
Թուրքական Internethaber կայքը նշում է, որ Հայաստանը կներկայացնի «Genealogy» թիմը: 5kitahaber կայքը պնդում է, թե Հայաստանը Ցեղասպանության հարցը փոխադրում է Եվրատեսիլի հարթակ, իսկ T24.com-ը գրում է, որ հայերը Եվրատեսիլի բեմից ասելու են՝ «Մի ժխտիր»:
Իսկ Ադրբեջանում Հայաստանի երգն իսկական հիստերիա է առաջացրել: Այդպես, Ադրբեջանի Հանրային հեռուստատեսությունը հայտարարել է, թե «Եվրատեսիլը երգի մրցույթ է, մրցույթ, որը բարի նպատակներ է հետապնդում, և չի կարող զոհաբերվել որևէ երկրի քաղաքական նկրտումներին և վերածվել քաղաքական հարթակի»,-գրում է Թրենդը:
Եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, ապա «Հանրային հեռուստատեսությունը համարժեք ելույթ կունենա մրցույթում», սպառնում են Բաքվում:
Մինչդեռ, Եվրատեսիլի կազմակերպչական հարցերի գծով ղեկավար Սիթսե Բաքքերը հայտարարել է, որ դեռևս վաղ է եզրակացություններ անելը: «Եկեք սպասենք երգի վերջնական վարկածին, դրանից հետո կկարողանանք գնահատել երգի համապատասխանությունը կանոններին»,-հայտնում է Report.az-ը:
Նյութի աղբյուրը - http://tsayg.am