Նոյեմբերյանի գրեթե բոլոր կողմերից երևում է բարդիներով շրջապատված, միջնադարյան դղյակ հիշեցնող եռահարկ մի տուն: Բարձրանալ այդ տուն գրեթե անհնար է: Տանտերը Գուրգեն Ամիրաղյանն էր, նույն ինքը` Լորդը: Նա հաճախ էր լինում Նոյեմբերյանում, բայց այս անգամ եկել էր բնակվելու հայրենիքում, այստեղ անցկացնելու կյանքի մնացած մասը: Հոգնելով մեծ քաղաքներից` ուզում էր վայելել ստեղծածը` ընկերներով և բարեկամներով շրջապատված:
Գուրգեն Ամիրաղյանը 13 տարեկան էր, երբ նրա ընտանիքին աքսորեցին Սիբիր, այնտեղ էլ մահացավ հայրը` Դարչո Ամիրաղյանը, իսկ Գուրգենը, արցունքները սրբելով, երդվեց սպանել իր հորը սպանողին: 1956 թ-ին Դարչո Ամիրաղյանի ընտանիքը վերադարձավ աքսորից, բայց ոչ թե հայրենիք, այլ` Թբիլիսի: Այստեղ էլ նա աշխատանք գտավ: Տարիներ անց նա փող ուներ, անուն և երբեմն լինում էր հայրենի Նոյեմբերյանում:
Տարիներն անցնում էին, բայց Գուրգենը հիշում էր կյանքի ամենատխուր օրը, սակայն նրանց աքսորի մատնողը մահացել էր: Երդումը երդում էր` կհատուցեն որդիները:
1961 թ-ի մայիսն էր. երեք ընկերները, ավարտելով դպրոցը, ցանկանում էին տոնել այն: Ու չգիտես ինչպես հայտնվեց Գուրգեն Ամիրաղյանը, և ասաց, որ կարող են որսի գնալ և որ զենքն ինքը կտա միայն այն պայմանով, որ ոչ ոք չիմանա այդ մասին: Տարիներ անց կպարզվի, որ այդ օրը, բացի երեք ընկերներից` Լևոն Գիշյանից, Քամալ Ղազինյանից ու Հենզիկ Մամյանից, ևս մեկ մարդ կար որսատեղիում, բայց նրա նպատակը որս անելը չէր…
Ահա Լևոնը` այն մարդու որդին, որն ըստ Գուրգենի, իրենց աքսորի դատապարտողն էր: Լևոնը չէր էլ կարող ենթադրել, որ այս ամենը կազմակերպված էր մի մարդու կողմից, որին որբ դարձրեց իր հայրը: Մի պահ Լևոնը հեռացել էր ընկերներից ` որս գտնելու նպատակով:
Հանկարծ թփերը շարժվեցին, խշշոց լսվեց, և գրեթե միաժամանակ երկու կրակոց որոտաց… Ընկավ Լևոնը: Քամալը բղավելով ընկերոջ վրա` ասաց. Դո´ւ սպանեցիր նրան: Հենզիկը ցնցվում էր ամբողջ մարմնով և բացատրում, որ ինքն այդ ուղղությամբ չի կրակել:
Քամալն ընկերոջն հանգստացնելով պնդում էր, որ ինքը մեղքն իր վրա կվերցնի, միայն թե օգնեն Լևոնին, կարծես` նա ողջ է: Հիվանդանոց չհասած Լևոնը մահանում է: Քամալին ուղղեկցում են բանտ, իսկ երեկոյան նրան այցելում է Գուրգեն Ամիրաղյանը և հավատացնում, որ երկու ամսից նա ազատ կլինի:
Դատարանը Քամալ Ղազինյանին դատապարտում է յոթ տարվա ազատազրկման: Քամալը հանգիստ էր. Գուրգեն Ամիրաղյանը փող ուներ և խոսք էր տվել ազատել բանտից: Անցան այդ երկու ամիսները, անցան նաև վեց տարիները, իսկ Գուրգեն Ամիրաղյանը շարունակում էր լռել…:
Ասում են` դուրս գալով աշխատանքային գաղութից` Քամալը չի եկել ծննդավայր: Նա մեկնել է Թբիլիսի` հանդիպելու Գուրգեն Ամիրաղյանին: Հանդիպումը կայացել է, իսկ թե ի՞նչ են խոսել` պարզ չէ, բայց Քամալը հաշտ ու հանգիստ է վերադարձել հայրենիք: Սակայն կասկածը մտել է նրա սիրտը և նա սկսել է մտածել, որ Լևոնի վրա կրակողը Հենզիկը չէր: Այո´, հետագայում արդեն բոլորի համար պարզ կլինի, որ Հենզիկը չի սպանել Լևոնին:
Գուրգենի և Քամալի հարաբերություններն ամեն դեպքում տարօրինակ էին: Քանզի Գուրգեն Ամիրաղյանն այդ ընթացքում այնքան էր հարստացել, որ քիչ էր մնում ինքն էլ մոռանար սեփական անունը, որովհետև նրան ամեն ուր Լորդ էին կոչում` նկատի ունենալով նրա կուտակած հարստությունը:
Լորդը դղյակ է կառուցում և շինարարության ղեկավար է նշանակում Քամալին` ցանկանալով վերջապես հաշտվել նրա հետ: Տունը կառուցված էր, սակայն հաշտությունը չէր կայանում: Մարդիկ կրկին զարկ տվեցին իրենց երևակայությանը` պնդելով, որ այս անգամ էլ է Լորդը խաբել Քամալին:
Ասում են` Քամալը միշտ էլ տարօրինակ է եղել: Ներամփոփ էր, ոչ ոք չգիտեր, թե ի՞նչ էր մտածում, ի՞նչ ծրագրեր ուներ, բայց նրա և Լորդի հարաբերությունները շարունակվում էին լարված մնալ: Նա, կարծես, հարմար պահի էր սպասում` վերջապես պարզելու այդ հարաբերությունները, և ահա 30 տարի տևած լարված հարաբերությունների վերջն եկավ. միշտ պարտվողի դերում հայտնվողը ցանկանում էր կարևոր մենամարտում հաղթել….
1991 ի հուլիսի Քամալի եղբոր որդին վերջապես ազատվում է թուրքական գերությունից և հայրենի օջախ վերադառնում: Բոլորը գալիս են շնորհավորելու, գալիս է և Լորդը…: Քամալը պահանջում է հեռանալ իր տնից, բայց եղբայրը հանգստացնում է նրան: Նա էլ նյարդայնացած դուրս է գալիս տնից, գալիս ու նստում է Լորդի դղյակի մոտ ու սպասում նրան: Լսելով նրա ավտոմեքենայի ձայնը` բարձրանում է, վերցնում մի մեծ քար: Լորդը կանգնեցնում է մեքենան, իջնում, որ բացի դարպասները, բայց այդ պահին չգիտես որտեղից հայտնվում է Քամալը` այդ մեծ քարով մի քանի անգամ ամբողջ ուժով հարվածում նրա գլխին. արյունաշաղախ և անշարժացած Լորդն ընկնում է գետնին: Քամալը նրան անփութորեն դնում է բեռնաթափքը և ուղևորվում Լևոն Գիշյանի հայրական տուն, կանգնեցնում է մեքենան, դուրս հանում Լորդի մարմինը , նետում ցանկապատի վրա ու հեռանում…:
…Քամալին երկրոդ անգամ բանտ են տանում: Մի քանի տարի բանտում մնալուց հետո, հիվանդանում է և բանտախցում էլ մահանում:
…Եվ հիմա նույն բարձունքին մութ ու խորհրդավոր կանգնել է մենավոր ու լքված դղյակը` առանց անցյալի, արցունքոտ ներկայով և անորոշ ապագայով:Բայց կանգուն է նա ու սպասում է իր տիրոջը: ինչև իր մահը այստեղ միայնակ ապրում էր Գուրգեն Ամիրաղյանը : Երբեմն մտածում ես, թե ո՞ւմ համար վեր խոյացավ այս վիթխարի կառույցը: Տուն, որի պատերի շաղախի մեջ նաև անեծք կար, որի տիրոջը սպանեցին հենց տան առաջ, որդիներն արդեն 20 տարի չեն եղել այստեղ: Լորդի մահից հետո տանը հետևում էր նրա եղբոր որդին` ջրում էր ծառերը, օդափոխում էր տունը: Նա էլ մահացավ: Ու մարդիկ, կարծես չվախնալով անեծքից` արժեքավոր ամեն ինչ տարան այնտեղից:
Հիմա այստեղ երբեմն հյուրընկալվում են զինվորներ, սակայն լսելով այս լեգենդը` անմիջապես դուրս են գալիս անիծված տանից: Այս տանը իշխում է քամին, օձերն ու կարիճները, նրանք են հիմա այս դղյակի լիակատար տերերը: Տեղացիները հավատում են, որ դղյակն ունի 101 սենյակ և այդ մութ ու դատարկ սենյակներում շրջում է Լորդի անհանգիստ հոգին:
Դղյակից երևում է քաղաքի գերեզմանոցը, որտեղ` բլրի վրա, նոճիներով շրջապատված երևում է Գուրգեն Ամիրաղյանի կառուցած ընտանեկան դամբարանը: Այն ևս լքված է:
Գուրգեն Ամիրաղյանն ուներ երկու որդի, նրանցից մեկը ապրում էր Երևանում. Նա ևս մահացելէ: Իսկ մյուս որդին ապրում է Մոսկվայում, ըստ լեգենդինա միլիոնատեր է, ուստի նա չի գա ու ապրի Նոյեմբերյանում: Անընդհատ լուրեր են տարածվում, որ տունը վաճառվում է, բայց ցայսօր գնորդ չիհայտնվել:
Նոյեբերյանցիները հիշում են Գուրգեն Ամիրաղյանին միայն այն ժամանակ, երբ իրենց հայացքն ուղղում են դեպի այն կողմը, որտեղ կանգնած է դղյակը: Կգա մի ժամանակ, երբ չի լինի այլևս դղյակը ու մարդիկ չեն հիշի նաև նրա տիրոջը` Լորդին, քանզի նա բացի այս դղյակը կառուցելուց, ոչինչ չարեց իր հայրենիքի համար:





