Մենակ էր և դա այնքան հաճելի էր։Լուռ էր,չկար մեկը,որ խոսեր հետը։Միայն անձրևն էր պատուհանից լուռ արտասվում ու ստիպում նրա հոգուն լաց լինել ու կարոտել։Խառնաշփոթ էր ներսում,ինքն անգամ իրենից բան չէր հասկանում։Կարոտում էր,բայց երեևի աշունն էր ստիպում նրան դա անել։Ուղղակի ուզում էր,որ անձրևը երբեք չդադարի։Տարօրինակ էր.ժպտում էր,երբ անձրև էր գալիս,տխրում էր առանց պատճառի։Մենակությունը նրան դուր էր գալիս։Հաճելի էր մնալ ինքն իր հետ ու թևեր տալ իր մտքերին ու անսահման երևակայությանը։Դրսում ցուրտ էր,բայց նա այրվում էր ինչ-որ հոգեկան խառնաշփոթից։Նրա համար տարօրինակ էին մարդկանց հայացքները և չէր ցանկանում նկատել որևէ մեկին։Աշունն ու անձրևն էին նրա միակ ընկերները։Սիրում էր անվերջ նայել պատւհանից,լսել անձրևի երգը կտ՜,կտ՜...Սիրում էր իր մարմնով անցնող այն սարսուռը,որն աշունն էր իրեն պարգևում։Սիրում էր մենակությունը.իր հետ նա երբեք չէր ձանձրանում։Սիրում էր քայլել անձրևի տակ և զգալ կաթիլների ուշքի բերող սառնությունը։Ստեղծել էր իր աշխարհը,ներկել դեղին,կարմիր ու մի փոքր կանաչ գույներով։Իր աշխարհում ամենուրեք նա աշուն էր նկարել։Նկարել էր ավելի լավ,քան որևէ աշխարհահռչակ նկարիչը։Իր հոգու քանդակն այնպես էր կերտել,որ գուցե Միքելանջելոն էլ չկարողանար։Հաճախ ամուր փակում էր աչքերը և պատկերացնում,թե հայտնվել է ուրիշ աշխարհում,որտեղ ամեն ինչ կատարյալ էր.այդ աշխարհում չկային մարդկանց տարօրինակ հայացքներ,չկար սառնություն ու դատարկություն։Իր աշխարհում նա անսահման սիրում էր.սիրում էր այն մեկին,որին գուցե հորինել էր,բայց այդ սերը նրան երջանիկ էր դարձնում։Հաճախ փակում էր աչքերը...փակում էր ու պատկերացնում նրա հայացքն իր դեմքին,զգում էր նրա ջերմությունը...Այն ջերմությունը,որն անգամ մոռացնել էր տալիս անձրևի կաթիլների սառնությունը։Երազում էր այս աշխարհից անհետանալու ու բոլորից հեռու լինելու մասին։Քայլում էր անձրևի տակ ձեռքին իր հնամաշ տետրը,որտեղ միշտ գրում էր իր խոհերի ու զգացմունքների մասին։Միայն այդ տետրն էր ճանաչում նրան...միայն այդ հին էջերը գիտեին նրա կյանքի պատմությունը։Նրա աչքի առաջ միշտ զույգ աչքեր էին դրոշմված,և նա իր տետրի վերջին էջերում նկարել էր այդ աչքերը։Այն մուգ աչքերը,որը նա վախենում էր կորցնել.այն աչքերը,որ իրեն երկնքից էլ վեր էին բարձրացնում։Ուղղակի նա սիրում էր...սիրում էր այդ աչքերը...
0
Աշուն
29/10/2014 | Հետաքրքիր նյութեր | by Lika





