0
Սե՞ր, թե անիմաստ հրապուրան՞ք.
18/04/2014 | Հետաքրքիր նյութեր | by
ParonGasparyan

Սե՞ր, թե անիմաստ հրապուրան՞ք. սերը չի կարող կործանել մարդուն
Մենք արդեն ութերորդ դասարան էինք, երբ Սոֆան հայտնվեց մեր դասարանում: Միամիտ, համեստ, գեղեցիկ ու պեպենոտ մի աղջնակ էր, որի ընտանիքը Ռուսաստանից նոր էր տեղափոխվել Հայաստան: Նրա հայացքը բավականին խելացի էր և լավ սովորողի տպավորություն էր թողնում: Մենք նրա հետ շփվելով հասկացանք, որ այդպես էլ կա, և մեզ ամենից շատ զարմացրեց նրա անսահման ընկերասիրությունը:
Սոֆան այնքան խելացի էր, որ անմիջապես ընկալում էր բոլոր առարկաները: Նա շատ կարճ ժամանակամիջոցում կատարյալ ձևով կարողացավ խոսել հայերեն և միշտ փայլում էր հայոց լեզվի դասերին, ինչպես նաև հետ չէր մնում մնացած առարկաներից: Նրան սիրում էին բոլոր ուսուցիչները, իսկ տնօրենը հպարտանում էր նրա սովորելու ընդունակություններով: Մի քանի ամիս անց Սոֆան նույնիսկ ռուսերենի օլիմպիադայում անցավ հանրապետական փուլ: Ու չնայած կարճ ժամանակ էր անցել, ինչ Սոֆան մեր դասարանում էր, բայց բոլոր ստուգողականների ժամանակ բոլորով միայն Սոֆա էինք գոռում, որպեսզի մեզ օգնի, և նա` իր աշխատանքը թողած, ուրիշներին էր օգնում:
Մի օր դասերն արդեն վերջացել էին, ես ու Սոֆան միասին դուրս եկանք դպրոցից: Ինձ շատ էր հետաքրքրում նրա կենսագրությունը: Նա ինձ պատմեց, որ իրենց ընտանիքում միայն ինքը սովորելու ձգտում ունի, ծնողներն այդքան էլ կրթված չեն: Ես նրան մտերմիկ ընկերության առաջարկ արեցի, բայց նույն պահին տեսա, թե ինչպես մի տղա մեզ մոտեցավ և գրկեց Սոֆային:
Ես այդ պահին ուղղակի սարսափեցի, թե նմանատիպ աղջնակն ինչպես է այս կարճ ժամանակամիջոցում արդեն երկրպագու ձեռք բերել, այն էլ իրեն ոչ համապատասխան: Ես այդ տղային տեսել էի տեխնիկումի առջև «Պատրոն դաշս» լսելիս, որտեղ գալիս են ամենավատ սովորող աշակերտները որևէ արհեստ սովորելու: Բացի այդ, նա տգեղ էր և տգետի տպավորություն էր թողնում:
Զգացի որ Սոֆան չուզենալով գրկեց նրան, և այդ տղան բռնեց Սոֆայի ձեռքը ու խիստ հայացքով տարավ այլ ճանապարհով: Ես միայն խղճահարություն ու ափսոսանք զգացի, որովհետև չէի ցանկանա, որ Սոֆան կապվեր իրենից մակարդակով շատ ցածր և տգետ մեկի հետ: Սա բացահայտելուց հետո սկսեցի նկատել, որ Սոֆան օր-օրի կորցնում է իր հետաքրքրությունը ուսման հանդեպ, և նրա գնահատականները սկսում են իջնել: Նա ամբողջ ժամին և դասամիջոցներին պոկ չէր գալիս հեռախոսից, որովհետև շարունակ նամակներով զրուցում էր այդ տգետի հետ: Բայց բոլորս էլ զգում էինք, որ Սոֆան մեծ արհամարհանքով ու զզվանքով է անում այդ ամենը: Օր չէր լինում, որ այդ նամակներից հետո Սոֆան չնստեր ու չլացեր: Մենք բոլորով նրան համոզում էինք, որ եթե մեկին չի սիրում, ապա թող հեռու մնա նրանից, և որ այդ տգետը լրիվ անհամապատասխան է իրեն ու նրա պատճառով հետ է ընկնում դասերից ու կործանում` իր կյանքը: Սակայն Սոֆան մեզ չէր լսում և կեղծավոր ձևով ասում էր, թե, իբր, սիրում է այդ տղային և թքած ունի դասերի վրա: Մենք հասկանում էինք, որ նրանց կապի մեջ ինչ-որ անհասկանալի գաղտնիք կա, բայց ոչ մի կերպ չէինք կարողանում բացահայտել այդ գաղտնիքը:
Մի օր ես որոշեցի հետևել նրանց: Այդ հիմարը Սոֆային տարավ այն վայրը, որտեղ անբարոյականներն էին հավաքվում: Նա ծխախոտ ծխելով ինչ-որ խրատական բաներ ասեց Սոֆային և մեկ հարված հասցրեց դեմքին: Սա տեսնելով` ես հայտնեցի երեխաներին ու քանի որ Սոֆան մեզ չէր լսում, մենք որոշեցինք այս ամենի մասին հայտնել նրա ծնողներին, միգուցե այս ճանապարհով փրկեինք նրան: Սակայն ավելի սարսափեցինք, երբ իմացանք, որ նրա ծնողներն արդեն իրենց համաձայնությունն էին տվել այդ ընկերությանը:
Այդ հիմարը այնքան տգետ էր, որ Սոֆային ամեն ինչ արգելում էր: Նա արդեն ոչ մի հավաքույթի չէր գալիս, միջոցառումներին հրաժարվում էր մասնակցել, քանի որ «ընկեր» կոչվածը թույլ չէր տալիս: Նույնիսկ իմացանք, որ ընկերը թույլ չի տալիս դպրոցում նորմալ սովորել, կրթությունը շարունակել ավագ դպրոցում և փորձում էր ամեն կերպ ցածրացնել ու իրեն նմանեցնել Սոֆային: Ժամանակ էր լինում, որ Սոֆան օրերով դասի չէր գալիս: Արդեն ամբողջ դպրոցն էր խոսում, որ Սոֆան ընկեր ունի ու այն էլ` ինչ ընկեր:
Երբ այս ամենը խորացավ, արդեն ուսուցիչներն էին սկսել խոսել Սոֆայի հետ, բայց անօգուտ էր ամեն ինչ:
Իններորդ դասարանում էինք, երբ մի օր այդ հիմարը մտավ դպրոց ու «Սոֆաա՛ա… Սոֆաա՛ա…» գոռալով` ման էր գալիս միջանցքներում: Ես ականատես եղա, թե ինչպես տնօրենը տեսավ նրան, կոպիտ ձևով վիրավորեց, սակայն նա այդ վիրավորանքից անտարբեր դուրս եկավ դպրոցից: Իսկ հետո տնօրենը մտավ դասարան ու Սոֆային այնպես վիրավորեց, որ այդ վիրավորանքից ամաչեցին նույնիսկ դասարանի մյուս աղջիկները: Սոֆան, բնականաբար, սկսեց լաց լինել և այդ տգետին անիծելով դուրս վազեց դպրոցից:
Մի երկու օր հետո նա ուրախ տրամադրությամբ դպրոց եկավ և հաղորդեց, որ վերջնականապես խզել է իր կապերը այդ հիմարի հետ, և նրանք իրար հետ այլևս ոչ մի կապ չունեն: Մենք սկզբում չհավատացինք, մտածեցինք, թե կատակ է անում: Սակայն արդեն մի քանի շաբաթ էր անցել ու, իրոք, այդ տգետը չէր երևում, իսկ Սոֆայի տրամադրությունն էլ միշտ բարձր էր լինում: Նա դարձել էր առաջվա Սոֆան, երբ առաջին անգամ ուրախ ժպիտով մտավ մեր դասարան, ինչպես նաև նորից սկսել էր մեծ ուշադրություն դարձնել դասերի վրա:
Մենք բավականին մեծ ուրախություն ապրեցինք, երբ հասկացանք, որ, իրոք, Սոֆան վերջ է տվել իր անիմաստ ընկերությանը:
Արդեն արձակուրդ էր, դասերը վերջացրել էինք: Սա մեր վերջին տարին էր, որ միասին էինք սովորում, որովհետև պետք է փոխադրվեինք ավագ դպրոց: Բոլորով որոշեցինք մի օր հավաքվել և քննարկել մեր էքսկուրսիայի հարցերը: Սոֆան ևս ցանկություն հայտնեց միանալու մեր էքսկուրսիային: Բոլորը ոգևորված եկան, սակայն ես սպասում էի Սոֆային, որն այդպես էլ չեկավ: Հետո փորձեցի անձամբ զանգել նրան և հետաքրքրվել, թե ինչու չի եկել:
Երբ հավաքեցի նրա համարը, հեռախոսի մյուս ծայրում լսեցի այն տգետի ձայնը, որը արհամարհական ձևով սպառնաց մոռանալ այդ համարը և այլևս չանհանգստացնել Սոֆային: